ԱԱԾ–ում պարգևատրումների մասին մամուլից են տեղեկացել

ԱԱԾ պետը տեղյակ չի եղել այլ գերատեսչություններում տրվող պարգևատրումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ԱԱԾ–ն պարգևատրումներ չի ստացել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

«Ես պարգևատրումների մասին տեղյակ էլ չեմ եղել, մամուլից եմ իմացել»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը։

Պաշտպանության նախարարը չի հերքում. պարգևավճարներ տրվել են, այն էլ` մեծ

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։

Այսօր` հունվարի 28-ին, պաշտպանության նախարարությունում տրված մեծ պարգևավճարների մասին լուրերը հաստատել է նաև նախարար Դավիթ Տոնոյանը` առանց մանրամասնելու դրանց չափը։