ԵՄ-ն Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի պատշաճ հետաքննություն է ակնկալում ՀՀ կառավարությունից

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը շեշտել է, որ իրենք տեղյակ են դեպքի մասին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Եվրոպական միությունը հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մանրամասն և պատշաճ հետաքննություն է ակնկալում Հայաստանի կառավարությունից:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը:

Մայա Կոսյանչիչն ընդգծել է, ընդհանուր առմամբ բոլորին է հայտնի, որ ԵՄ-ն դեմ է և պայքարում է խոշտանգումների դեմ:

«Այս համատեքստում մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք սպասում ենք Հայաստանից գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին տեղեկություն ստացվեց, որ նույն օրը՝ հունվարի 26-ին, ժամը 06:15-ի սահմանում կալանավորված 51-ամյա Մհեր Եղիազարյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնություն, բժիշկները ժամը 06։35-ի սահմանում արձանագրել են նրա մահը։

Չփորձե´ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվել. Եղիազարյանի տղայի գրառումը

Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր 2018 թ.-ի տարվա դեկտեմբերի 4-ին՝ կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության՝ քննությամբ պարզվել էր, որ Եղիազարյանը խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: