Անեկդոտ, որը կարող էր սարսափ առաջացնել ռեալիստ նկարչի մոտ. աբստրակցիոնիստ նկարիչը խոսում է գործընկերոջ հետ։
—Բարդ իրավիճակում եմ հայտնվել։ Դիմանկար պատվիրած հաճախորդն ուզում է, որ փոխեմ իր աչքերի գույնը։
—Հա փոխի, քեզնից ի՞նչ է գնում, - զարմանում է ընկերը։
—Ես չեմ հիշում՝ որ մասում եմ աչքերը նկարել։
Դմիտրի Նալբանդյանը, որը դիմանկարների վարպետ էր, մեկ միլիմետր ճշգրտությամբ գիտեր ոչ միայն դեմքի վրա աչքերի տեղը, այլև վիզավիների շքանշանների ու պարգևների տեղերը։ Հին երևանցիները հիշում են, որ Սայաթ-Նովայի պողոտայի սկզբում Բրեժնևի դիմանկարն էր դրված։
Իր համար դրված էր, քանի դեռ անհայտ մեկը կտավը չդանակահարեց։
Դիմանկարը վերականգնեցին, ու վերականգնված գլուխգործոցի մոտ միլիցիոներ կանգնեցրեցին։
Գլխավոր քարտուղարի ևս մեկ դիմանկար դիմավորում էր Սպիտակի մուտքի մոտ։ Նույնպես Ռաֆայել Սանտի չէր, բայց շատ էր ուշադրություն գրավում. ինչո՞վ։
—Նրա աչքերը Էլիզաբեթ Թեյլորի աչքերն են, - գրավչության գաղտնիքը բացահայտել էր կինը. ու դա իսկապես այդպես էր։
Խորհրդային առաջնորդներին բոլորից լավ ու բոլորից շատ նկարել է «քաղբյուրոյի առաջին վրձին» Դմիտրի Նալբանդյանը։ Բոլորից լավ, քանի որ իսկապես տաղանդավոր նկարիչ էր, իսկ շատ, քանի որ ամեն մեկի չէ, որ կվստահեին անմահացնել բարձրագույն առաջնորդներին: Իսկ երբ վստահում էին՝ ամեն կերպ և շռայլորեն վարձատրում էին։
Նա ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի ու Ստալինի երկու մրցանակների դափնեկիր.այս ամենը Նալբանդյան մասին է։
Ինչ վերաբերում է աշխատանքի վարձատրությանը։ Հասնելով քաղաքական-գեղարվեստական արվեստի բարձունքներին, յուղաներկով նկարած ամեն մի կտավի համար նա այնքան էր ստանում, որ կհերիքեր երեք «Պոբեդա» գնելու համար։ Իսկ Նալբանդյանը շատ էր նկարում ու արագ, բայց դժվար չէ գուշակել, որ գլխավորն ընկեր Ստալինի նկարն էր։ Վրացական ծագում ունեցող առաջնորդն ինքն իրեն հավանում էր հայկական ծագում ունեցող նկարչի ձեռքի աշխատանքներում։ Հետո Նալբանդյանը բազում ազդեցիկ հյուրեր էր ունենում, քանի որ նա երկրի միակ նկարիչն էր, որի համար բնորդ է եղել հենց ինքը՝ Իոսիֆ Ստալինը։ Քաղբյուրոյի անդամները, նախարարները, գեներալները, ծովակալները, ԽՍՀՄ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պատիվ էին համարում ներկայանալ պարոն Նալբանդյանին։
Մի փոքր քաղաքական դիմանկարի ու մասնավորապես պետություն կառավարելու մեջ դրա նշանակության մասին. պատկերասրահներում նման կտավ տեսած յուրաքանչյուր մարդ գիտի, որ դրանց կարելի է նայել միայն հեռավորության վրա ու միայն «ներքևից վերև» դիրքում։ Նկատու՞մ եք նրանց գերազանցության ու սեփական կարգավիճակի տարբերությունը։ Որպես կանոն ոտքից գլուխ էին պատկերում, իսկ ներքևում գտնվող հորիզոնը, դա յուրաքանչյուր նկարիչ գիտի, պատկերվող մարդուն վսեմություն է հաղորդում։
Դեմքերը նկարներում տարբեր էին, սակայն հայացքի իմաստնությունը, դիրքի իշխանությունն ու կեցվածքի վեհությունն անպակաս էին։ Հազվադեպ նկարիչներ կարող էին իրենց ազատության թույլ տալ, Սերովն օրինակ պատկերել էր մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչին ձիով։
«Միաժամանակ ձիու մռութի ու իշխանի դեմքի արտահայտություններն այնքան նման էին, որ միայն հիմարը չէր զգա ենթատեքստը», - նշում էին քննադատները։
Նալբանդյանից շատ առաջ քաղաքական դիմանկարի ժանրում աշխատում էին Տիցիանը, Ռուբենսը, Վելասկեսը, Գոյան… Բայց չէ որ նրանք միայն թագավորների չէին նկարում։ Իսկ մեր Նալբանդյա՞նը։ Նա հիանալի նկարում էր բնապատկերներ, նատյուրմորտներ, ծաղիկներ, ծով:
…Նկարիչը հաճախ էր Հայաստան գալիս («Վերնատուն» հայ մշակույթի գործիչների խմբակային նկարը), սիրում էր Հնդկաստանը, բայց այնտեղ անհարմար բան էր ստացվել։ Հնդկաստանի այն ժամանակվա վարչապետ Ինդիրա Գանդին չէր հավանել իր դմանկարը։
«Կներեք, ես հայ չեմ», - ասել էր վարչապետը։
Իզուր․․․ Հիմա երևանյան փողոցներում կարելի է տեսնել, որ հայուհիների ու հնդկուհիների կերպարներում շատ ընդհանուր բաներ կան։ Բայց վարչապետների հետ չեն վիճում, Գանդին չհավանեց, ոչինչ, նկարը սիրով վերցրեց Տրետյակովի պատկերասրահը, իսկ Գանդիից նվեր՝ պատի ափսեներ ու ձեռագործ սեղան ու աթոռներ։
․․․Ստալինից հետո սրամիտների կոչած «նալբանդինիզմ» ժանրի արքան անմահացրել է ԽՍՀՄ բոլոր առաջնորդներին՝ ներառյալ Բրեժնևին։ Հետո լռություն տիրեց։ Երկրի նոր ղեկավարներին քաղբյուրոյի առաջին վրձինը պետք չեկավ։
Նալբանդյանը մահացավ 1993 թվականին սրտի անբավարարությունից ու, ինչպես և պետք է ակնկալել, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը։
․․․Խնդրում եմ ուշադրություն դարձնել․ Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերը` Սուրեն Թովմասյանից մինչև Սուրեն Հարությունյան, նկարինչների համար բնորդ չեն եղել. եթե նույնիսկ եղել են, այդ նկարները հանրությանը չեն ցուցադրվել։ Այսպիսով կարելի է ասել, որ մենք իշխանությանը սպասարկող նկարիչներ չենք ունեցել:
Սակայն չի կարելի ասել, որ իշխանությունը նրանց սոված էր պահում։
Ամեն տոնին ընդառաջ գեղարվեստական կոմբինատներին քաղբյուրոյի անդամների հազարավոր դիմանկարներ էին պատվիրում, որոնք անցկացնում էին տրիբունաների մոտով, հետո աղբն էին նետում։ Ու այսպես առնվազն տարին երկու անգամ (նոյեմբերի 7-ին ու մայիսի 1-ին)։ Նկարիչները մեզ մոտ վատ չէին ապրում։ Փառք ԽՄԿԿ-ին։
Մեր օրերի տեխնիկական առաջընթացը զգալիորեն փոխել է իրավիճակը․ Միքելանջելոյի, Վլասկեսի ու Ռուբենսի փոխարեն, էլ չենք խոսում Նալբանդյանի մասին, եկել է սելֆին։
Ճիշտ դիրք ընդունի, վեհություն կամ հակառակը, պարզամտություն ցույց տուր, սեղմիր կոճակն ու պատրաստ է. կյանքը հաջողվել է։