ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Տիգրան Մանսուրյանին

Կոմպոզիտորը հյուրերին պատմել է ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Այցի մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկինը: «Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու: Արդեն մեկ ժամ լսում եմ նրան և հասկանում, որ մե՛զ ենք նվեր արել իրեն հյուր գալով»,- գրել է Աննա Հակոբյանը և հավելել, որ շնորհավորում է բոլորին, քանի որ ունենք Տիգրան Մանսուրյան: