Մարությանը խոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների պարգևավճարների մասին. տեսանյութ

Պարգևավճար ստացած աշխատակիցների ցուցակը ամբողջությամբ կհրապարակվի առաջիկայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Ես ստացել եմ զրո դրամ, փոխքաղաքապետերը՝ 637 հազարական դրամ»: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Քաղաքապետի խոսքով՝ քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին ինքը պաշտոնավարում էր ընդամենը երկու ամիս, ապա որոշում է կայացրել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել է 2018 թվականի բյուջեով:

«Այդպես էլ արվեց, ուղղակի մի վերապահումով, որ այս անգամ ես հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»,- ներկայացրել է Հայկ Մարությանը:

Նա նաև նշել է, որ իրենք երկար են մտածել պարգևավճարներ ստացած աշխատակիցների ցուցակի հրապարակման մասին և անգամ հարցում են ուղարկել ԱՆ՝ պարզելու, թե արդյոք այդ կերպ չեն հրապարակվի մարդկանց անձնական տվյալները: Քաղաքապետի խոսքով՝ բազմաթիվ իրավաբանների հետ քննարկումներից հետո իրենք որոշել են, այնուամենայնիվ, հրապարակել ցուցակը, սակայն մինչ այդ ինքը որոշել է անձամբ ներկայացնել մի քանի աշխատակցի, մասնավորապես՝ փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների պարգևավճարները: