«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը. Փաշինյան

Ինդեքսը կազմելիս հաշվի է առնվել ավելի քան 30 չափանիշ՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը, փաստորեն, 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում:

Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ «Լավ երկրների» միջազգային ինդեքսը հրապարակվել է օրեր առաջ: Դրանում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 30 հորիզոնականով:

Ինդեքսը կազմելիս հաշվի է առնվել ավելի քան 30 չափանիշ՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:

2018-ի վարկանշային ցանկը գլխավորել է Ֆինլանդիան, որը 2017-ի համեմատ բարձրացել է մի քանի կետով: Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Իռլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան:

ԱՄՆ-ն հայտնվել է 40-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 41-րդ, Թուրքիան`57-րդ, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 108-րդ: