Մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա, եթե...

Պատգամավորը կարծում է, որ տնտեսական հեղափոխությունը պիտի սկսվի յուրաքանչյուրի մտածելակերպի ու մոտեցումների հեղափոխությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Մի երկրում, որտեղ թոշակառուն 40 հազար դրամ է ստանում, բյուջեից մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա: Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը` անդրադառնալով պարգեւավճարների խնդրին:

«Պաշտոնյան պետք է մանրամասն ներկայացնի՝ ինչ է ստացել, երբ, ինչքան ու ամենակարևորը՝ ինչի համար»,-գրել է Թունյանը:

«Պարգևավճարների հետ կապված 3 բան ասեմ.

1. Միշտ համոզված եմ եղել և եմ, որ պատասխանատու և բարձր որակավորում պահանջող պաշտոնյաներին պետք է պատշաճ վարձատրել։ Հակառակ դեպքում դա կբերի կա՛մ կոռուպցիայի, կա՛մ կադրերի արտահոսքի խնդրի։

2. Ներկայիս պայմաններում վարձատրության խնդիրն անուղղակիորեն լուծվում է պարգևավճարների միջոցով։ Ծրարով աշխատավարձին կամ կաշառքին փոխարինել է պարգևավճարը։ Դա, իհարկե, ժամանակավոր լուծում է։ Այլ հարց է, որ պարգևավճարի չափը պետք է քննարկել՝ կախված կոնկրետ պաշտոնյայի աշխատանքի օբյեկտիվ ու համակողմանի գնահատականից։

Մարությանը խոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների պարգևավճարների մասին. տեսանյութ

3. Էս ամեն ինչի հետ մեկտեղ՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ամենակարևոր բաներն են։ Ես իրավաբան չեմ ու ինձ համար կարևոր էլ չի՝ պաշտոնյաներն օրենքով պարտավո՞ր են մանրամասն տեղեկատվություն տալ իրենց եկամուտների մասին, թե ոչ։

Հարցը ավելի խորքային է։Մի երկրում, որտեղ թոշակառուն 40 հազար դրամ է ստանում, բյուջեից մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա, մանրամասն ներկայացնի՝ ինչ է ստացել, երբ, ինչքան ու ամենակարևորը՝ ինչի համար։ Ու դա պետք է անի առաջինը հենց ինքը՝ սեփական կամքով ու նախաձեռնությամբ»,- գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխությունը պիտի սկսվի յուրաքանչյուրի մտածելակերպի ու մոտեցումների հեղափոխությունից: