Իրարանցումը տեղին չէ. Վրաստանի ԱԳՆ–ն` հայ զինվորի կիսանդրին Ջավախքում տեղադրելու մասին

Վրաստանի ԱԳՆ–ն կրկին հաստատել է, որ ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վրաստանի ԱԳՆ–ն կոչ է արել աղմուկ չբարձրացնել Սամցխե–Ջավախքի հայաբնակ գյուղում արցախյան պատերազմի մասնակից Միխայիլ Ավագյանի կիսանդրին տեղադրելու թեմայի շուրջ։ Netgazeti.ge պարբերականի հարցմանն ի պատասխան նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ԱԳՆ–ն:

Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը

Հունվարի 20-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Բուղաշեն գյուղում տեղադրվել է Միխայիլ Ավագյանի կիսանդրին։ Դրան հաջորդել է պաշտոնական Բաքվի վրդովմունքը։ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն այցելել է Վրաստանի ԱԳՆ և պաշտոնական բողոք հայտնել։

Միաժամանակ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հրավիրվել էր այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրանից պահանջել են համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ նման հուշարձանի կանգնեցումը «չի համապատասխանում Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ոգուն»։

Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների դիվանագետները ուսումնասիրել են հուշարձանի տեղադրման հարցն ու տեղեկություն փոխանակել այդ հարցի վերաբերյալ։

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկեր է, և երկրների միջև չքննարկվող թեմաներ չկան։ Սա հաղորդակցվելու նորմալ ձև է, և թեմայի շուրջ իրարանցումը տեղին չէ», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ գյուղում ծնված Միխայիլ Ավագյանի հուշարձանը տեղադրվել էր դեռևս 1997 թվականին դպրոցի բակում։ Հետո այն վնասվել է, և որոշել են փոխարինել նորով։