Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Միշել Լեգրանի մահվան լուրին

Յուրաքանչյուրը հպարտանում է Միշել Լեգրանի համաշխարհային համբավով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Faecbook սոցիալական ցանցում անդրադարձել է կոմպոիզտոր Միշել Լեգրանի մահվանը։

«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,– գրել է նա:

Հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Միշել Լեգրանը մահացել է 86 տարեկանում։

Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին Փարիզում։ Լեգրանի հայրը` Ռայմոն Լեգրանը, կոմպոզիտոր էր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար։ Մայրը` Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի է, ազնվական հայկական ընտանիքից։

Մահացել է Միշել Լեգրանը` ֆրանսիացի կոմպոզիտորներից ամենահայը

Լեգրանը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը կյանքից հեռացել է 1942 թվականին։ 1915 թվականին նա Ֆրանսիա է փախել Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանությունից։

Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։ Այն ժամանակ ֆրանսիացի կոմպոզիտորը գտավ իր բարեկամներին։

Մաեստրոն երկրորդ անգամ Հայաստան է եկել 2009 թվականին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան Հայաստանի «Պատվո շքանշանով» են պարգևատրել։ Լեգրանը պատմական հայրենիք է եկել նաև 2012 և 2017 թվականներին։

Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Ավելի քան 100 ձայնասկավառակ է ձայնագրել։ Մի անգամ ասել է. «Նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն»։

Մաեստրոն երեք անգամ «Օսկար» է ստացել, հինգ անգամ` «Գրեմմի», մեկ անգամ` BAFTA, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս»։ Նա Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ է։