Աշոցքը Ծաղկաձորի այլընտրանք դարձավ. լուսանկարներ

Նորաբաց կենտրոնում կարող են մարզվել և՛ դահուկավազքի սիրահարները, և՛ պրոֆեսիոնալ մարզիկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի ամենացուրտ տարածաշրջանում՝ Աշոցքում, այսօր` հունվարի 26-ին, դահուկային կենտրոն բացվեց:

Կենտրոնի նպատակն է նպաստել Աշոցք համայնքին, զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաև օգնել մարզիկներին մասնակցելու մրցույթների ու վերապատրաստումների:

«Ուրախ եմ, որ այսօր կարողանում ենք նաև դահուկային մարզաձևը զարգացնել Աշոցքում։ Բացի Ծաղկաձորից, այս կենտրոնով այլընտրանք ենք ստեղծում՝ կարողանալով նաև մարզաձևը զարգացնել այս տարածաշրջանում, հնարավորություն տալով մասսայականացնել այն»,- կենտրոնի բացման ժամանակ ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արտակ Մանուկյանը թեև 3 տարեկան է, բայց հենց ոտքի է կանգնել, դահուկային սպորտի հավաքականի նախկին մարզիկ հայրիկի օգնությամբ հագել է դահուկները ու փորձել սահել:

Աշոցքը Ծաղկաձորի այլընտրանք դարձավ. լուսանկարներ

«Ճիշտ է` մարզաձևով երկար ժամանակ չեմ զբաղվել, բայց սպորտը մեր մեջ է: Հիմա, փառք աստծուն, հնարավորություն կա մեր տարածաշրջանում զբաղվելու դահուկային սպորտով։ Երեխային ավելի հաճախ կբերենք դահուկով զբաղվելու, սա նաև առողջարար է»,- Sputnik Արմենիային ասաց հայրը՝ Բագրատ Մանուկյանը:

Աշոցքը Ծաղկաձորի այլընտրանք դարձավ. լուսանկարներ

Կենտրոնը լայն հնարավորություններ է ընձեռում նաև պրոֆեսիոնալ մարզիկներին:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության անդամ, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մարզիկ Ստաս Նազարյանն արդեն մի քանի օր է` մարզումներն անցկացնում է Աշոցքում:

Աշոցքը Ծաղկաձորի այլընտրանք դարձավ. լուսանկարներ

«Ծաղկաձորն ու Աշոցքը տարբեր են: Ծաղկաձորը լեռնադահուկային սպորտաձևերի համար է լավ, Աշոցքը՝ դահուկավազքի: Շատ լավ վազքուղի է: Ես շատ եմ եղել միջազգային վազքուղիներում, և Աշոցքը ոչնչով չի զիջում: Ուրախ եմ, որ Հայաստանում ունեցանք դահուկային սպորտը զարգացնելու այսպիսի հնարավորություն»,- ասաց մարզիկը՝ հավելելով, որ պատրաստվում է առաջիկայում մասնակցել փետրվարին Կանադայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան՝ Աշոցք համայնքի հետ համատեղ: Կենտրոնը բացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Աշոցքը Ծաղկաձորի այլընտրանք դարձավ. լուսանկարներ