ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում պտտահողմի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նույնանուն նահանգի ղեկավար Մյունիր Կարալօղլուն։
Նրա խոսքով` օդանավակայանով անցած պտտահողմը շրջել է ինքնաթիռի կողմ շարժվող ավտոբուսը, որում ուղևորներ են եղել։
«Սաստիկ քամին օդ է բարձրացրել օդանավասանդուղքը, որը վնասել է կանգնած ինքնաթիռը։ 12 մարդ է տուժել», –NTV հեռուստաալիքի եթերում ասել է նահանգապետը։
Նա ավելացրել է, որ չնայած այդ դեպքին` օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
ԶԼՄ–ների տվյալներով` ներկա պահին պտտահողմ ու փոթորիկ է մոլեգնում Անթալիայի նահանգի մի շարք շրջաններում։
Տարերքը զգալի վնաս է հասցրել Կումլուջա շրջանին, որտեղ ջերմոցներն ավերվել են, իսկ աշխատողները վնասվածքներ են ստացել։
Հունվարի 24-ին այդ նույն նահանգում փոթորկի հետևանքով 2 մարդ է մահացել, տուժել` 11-ը։