ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը հանգեցրել է այն բանին, որ մանրածախ առևտրականները խնդիրների առաջ են կանգնել: Այս ամենի հետևանքով փաստացի խաբվում է վերջնական սպառողը։
Ծխախոտի ակցիզային հարկը 1000 հատի համար 15% էր կազմում, սակայն 2019 թվականի հունվարից այն պետք է կազմի ոչ պակաս, քան 8 370 դրամ 1000 հատի (ոչ թե տուփի) համար նախկին 7 257 դրամի փոխարեն։
«Փաստ» թերթը գրել է, որ փոքր խանութները սկսել են հրաժարվել ծխախոտ վաճառել, քանի որ ակցիզային հարկի բարձրացումից հետո նրանց մաքուր եկամուտը նվազել է։ Բանն այն է, որ արտադրողներն ու ներկրողները բարձրացրել են ծխախոտի արժեքը մեծածախ գնորդների համար։ Սակայն ծխախոտի հին տուփերի վրա մնացել է նախկին առավելագույն արժեքը, որով էլ առևտրականներն այն վաճառում են։ Մանրածախ առևտրականներն իրավունք չունեն ծխախոտ վաճառել այդ առավելագույն արժեքից ավելի բարձր գնով։ Արդյունքում նրանք մաքուր եկամուտն էապես նվազել է։ Խանութների սեփականատերերը կարող են բարձրացնել գները միայն նոր մակնշմամբ խմբաքանակ ստանալուց հետո։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց, որ ակցիզային հարկը միջինում աճել է մոտ 15%–ով։ Ծխախոտի մեկ տուփի համար այն 167.4 դրամ է կազմում։ Եթե հաշվի առնենք, որ ԱԱՀ-ի 20 տոկոսը հաշվարկվում է, թե ապրանքից, թե ակցիզից, ապա ծխախոտի մեկ տուփը թանկացել է մոտավորապես 26 դրամով։
«Միևնույն ժամանակ ո՛չ արտադրողները, ո՛չ մանրածախ առևտրականները իրավունք չունեն իրացնելու ծխախոտը տուփի վրա նշվածից ավելի բարձր գնով», – ասաց Պողոսյանը։
Արտադրողներն ու ներկրողները, բնականաբար, փորձում են ակցիզային հարկի թանկացումը ներառել գնի մեջ և բեռ դնել գնորդների ուսերին։ Սակայն եթե նրանք հին տուփերը վաճառում են մանրածախ առևտրականներին վերանայված գնով, ապա վերջիններս չեն կարող իրացնել դրանք տուփի վրա նշված գնից ավելի բարձր գնով, և նրանց մաքուր եկամուտը նվազում է։ Սա, ըստ փոխնախարարի, բնորոշ է անցումային շրջանին. մինչև նոր մակնշմամբ տուփերի մատակարարումը։
Պողոսյանը հարցի լուծումը տեսնում է արտադրող–ներկրող և մանրածախ առևտրականների միջև` այս անցումային շրջանում ծխախոտի մեծածախ գները նվազեցնելու մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ։
Այն մասին, որ խնդիր կա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նաև տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Նրա խոսքով` իրավիճակը կրկնվում է յուրաքանչյուր անցումային շրջանում, երբ վերանայվում է ակցիզը։ ԵԱՏՄ քաղաքականության համաձայն` ակցիզային հարկերը կվերանայվեն նաև հետագայում։
«Որպես կանոն, շուկան պատրաստ չի լինում փոփոխությունների։ Պետք էր արձանագրել արդեն պատրաստի արտադրանքի ողջ ծավալը, իսկ ներկրողներն ու արտադրողները` համաձայնեցնեին բոլոր հարցերը։ Խանութներին, առևտրի կետերին մեղադրել նրանում, որ նրանք հրաժարվում են վաճառքից, տեղին չէ», – կարծում է Մարգարյանը։
Խնդիրը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վաճառվել անցած տարվա ակցիզներով արտադրանքի ողջ ծավալը։
Տնտեսագետը նշում է, որ եթե հարցը մնա մանրածախ առևտրականների հայեցողությանը, ապա նրանք հին արտադրանքը կիրացնեն նոր գնով (տուփի վրա նշվածից բարձր), սակայն դա արգելված է օրենքով։
Որպես փոխզիջումային լուծում տնտեսագետն առաջարկում է թույլ տալ վաճառել արտադրողների և ներկրողների մոտ մնացած ծխախոտի հին խմբաքանակները, իսկ նոր խմբաքանակների վաճառքը կասեցնել։
«Գործարարները գումար են ծախսել, արտադրել են կամ ձեռք բերել ապրանքը։ Պետք է լուծում գտնել», – նշեց Մարգարյանը։
Եթե դա տեղի չունենա, ապա անխուսափելիորեն օրենքի խախտում է լինելու, չէ՞ որ, եթե խանութում նույն ծխախոտը տարբեր գնով վաճառվի (այդ թվում, տուփի վրա նշվածից), դա անհեթեթ է լինելու, համոզված է փորձագետը։
Նշենք, որ մի շարք փոքր առևտրային կետեր դեռ ծխախոտի գնի փոփոխությունն իրենց վրա չեն զգացել։ Ասում են, որ ակցիզի թանկացման մասին լսել են, սակայն դեռ իրենց առևտրի վրա դա չի ազդել։
Sputnik Արմենիան պարզել է, որ որոշ դեպքերում տուփերի վրա նշված արժեքը մանրածախ առևտրականներին չի խանգարում ավելի բարձր գնով ծխախոտ վաճառել։ Մի քանի խանութներում և առևտրի կետերում մենք ծխախոտ գտանք, որը վերջին շրջանում վաճառվում էր տուփի վրա նշված առավելագույն արժեքից բարձր գնով։
Վաճառողներից մեկը հաստատեց, որ, օրինակ, Cigaronne Ultra Slims–ի տուփերը նույնն են մնացել (նրանց վրա նշված է «max 550»), սակայն դրանց գինը բարձրացել է։ Հիմա դրանք վաճառում են 580 դրամով։ Մեկ այլ խանութում այդ նույն ծխախոտի համար նույնպես 580 դրամ պահանջեցին։ Մենք այն գնեցինք, տուփի վրա դարձյալ գրված է` «max 550»։
Հետաքրքիր է, որ առևտրի կետերից մեկում մեզ հայտնեցին, որ ծխախոտի այդ տեսակը նրանց մոտ հայտնվել է արդեն նոր մակնշմամբ` «max 580»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Cigaronne արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադևոսյանը ասաց, որ նոր մակնշմամբ խմբաքանակները սկսել են դիստրիբյուտորին մատակարարվել 2019 թվականի հունվարից 8-ից (Ամանորին մատակարարում չի եղել)։ Դրանից հետո դիստրիբյուտորը սկսեց ծխախոտ վաճառել խանութներին։
Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 29-ը մանրածախ առևտրականները Cigaronne Ultra Slims–ը ձեռք էին բերում հին գնով (հաշվի առնելով հին ակցիզները), այդ իսկ պատճառով իրավունք չունեն վաճառել դրա մեկ տուփը 550 դրամից թանկ։
Թադևոսյանի կարծիքով` զարմանալի չէ, որ որոշ խանութներում հին խմբաքանակներ են մնացել, և դրանց սեփականատերերը որոշել են գումար աշխատել` միևնույն ժամանակ խախտելով օրենքը։
«Ծխախոտները, որոնք ձեռք են բերվել արդեն նոր ակցիզային հարկի հաշվարկով, խանութը կարող է վաճառել մեկ տուփը 580 դրամով։ Սակայն եթե խանութի աշխատողը/սեփականատերը որոշել է, որ կարող է դեկտեմբերի խմբաքանակը վաճառի 580 դրամով մեկ տուփի դիմաց և 30 դրամով ավել աշխատել, ապա դա մենք արդեն վերահսկել չենք կարող», – ասաց Թադևոսյանը։
Նա ընդգծեց, որ ընկերությունն ու դիստրիբյուտորն անցկացրել են բոլոր ընթացակարգերը, օրենքի համապատասխան։ Դիստրիբյուտորը չէր կարող խանութին նոր գնով հին տուփեր վաճառել, համոզված է Թադևոսյանը։
Cigaronne Ultra Slims տեսակի ծխախոտի վաճառքը խանութներում բարձր գներով. սա մանրածախ առևտրականներին կողմից սպառողների իրավունքները խախտելու օրինակներից միայն մեկն է (տվյալ դեպքում արտադրող–մանրածախ վաճառող հարաբերությունները երկրորդ պլան են մղվում)։ Սակայն խնդիրը միայն այս դեպքով չի սահմանափակվում։
Sputnik Արմենիան կապ է հաստատել նաև ծխախոտի խոշոր ներկրող Philip Morris Armenia ընկերության հետ, սակայն իրավիճակն օպերատիվ կերպով մեզ մեկնաբանել այնտեղ չկարողացան` առաջարկելով գրավոր հարցում ուղարկել, ինչն էլ արեցինք երեք օր առաջ, սակայն դեռ պատասխան չենք ստացել։
Նշենք նաև, որ պատասխանելով` փոքր խանութներում և առևտրի կետերում ծխախոտի վաճառքը դադարեցնելու հավանականության մասին հարցին, ՊԵԿ–ի ղեկավարը հունվարի 24-ին հայտարարեց, որ նման վտանգ կա է։
Sputnik Արմենիայի թղթակիցը դիմեց ՊԵԿ՝ բարձր գնով ծխախոտ վաճառելու վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար, սակայն այնտեղ ևս դեռ չեն պատասխանել առաջացած հարցերին։
Ծխելն, իհարկե, վնասակար է առողջությանը, սակայն դա չի ազատում արտադրողներին վաճառողների նկատմամբ ճնշումներ գործադրելու, իսկ անբարեխիղճ վաճառողներին` սպառողների նկատմամբ խաբեության համար ենթադրվող պատասխանատվությունից։