Ռուսաստանի հետ մի շարք կարևոր արդյունաբերական նախագծեր ենք քննարկում. Փաշինյան

Առանձնահատուկ քննարկվում է Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է մի շարք կարևոր ներդրումային նախագծեր, այդ թվում` արդյունաբերական։ Այս մասին այսօր ԵՏՀ գլխամասային գրասենյակում, լրագրողներին հարցերին պատասխանելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանյան գործընկերների հետ բանակցությունները սկսվել են դեռ նախքան Մոսկվա գալը` Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ։ Այնտեղ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի, Ռուսաստանի բիզնես–օմբուդսմեն Բորիս Տիտովի և Ռուսաստանի գործարար շրջանակների և տնտեսական գերատեսչությունների այլ կարևոր ներկայացուցիչների հետ։

Հայաստանի և Ռուսաստանի գործարարների կապերի սերտացումն են քննարկել Փաշինյանն ու Տիտովը

«Քննարկումներ ուզում ենք անցկացնել ազգությամբ հայ ռուսաստանցի գործարարների հետ», – ավելացրել Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` ներդրումային նախագծերի իրականացման համար ժամանակ է անհրաժեշտ և այդ ժամանակը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել։

«Ռոսիա սեգոդնյայի» թղթակցի հարցին պատասխանելիս Փաշինյանը նշեց, որ քննարկվել են ոչ թե ներդրումների չափերը, այլ դրանց բովանդակությունը։ Ներդրվելիք գումարների կոնկրետ չափերը կքննարկեն մասնագետները։

Օրինակ`ՎՏԲ բանկի հետ քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ֆինանսավորման հարցը։ Ալավերդու հանքավայրն ու պղնձաձուլարանը Հայաստանի հյուսիսում ավելի քան հազար աշխատատեղ են ստեղծում, իսկ սև (չզտված) պղինձը մտնում է երկրից արտահանվող տասը խոշոր ապրանքների մեջ։

«Հույս ունեինք, որ մինչև 2018 թվականի վերջ կհաջողվեր վերականգնել Թեղուտի աշխատանքը։ Սակայն դատական խնդիրներ առաջացան։ Որքանով գիտեմ, դրանք այսօր լուծվում են, և մենք հույս ունենք, որ ՎՏԲ բանկը կկարողանա պայմանավորվել հանքավայրում կառավարում իրականացնող օպերատորի հետ», – ավելացրեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Վալլեքս» ընկերությունների խումբն ու ՎՏԲ բանկը Լոնդոնի արբիտրաժային դատարանում քննարկում են հանքավայրի նկատմամբ իրավունքները ։ Ավելի վաղ «Վալեքսը»` ինժեներական հարցերից ելնելով, դադարեցրել էր հանքի, այնուհետև նաև Ալավերդու պղնձաձուլարանի շահագործումը։