ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված հայկական Flight Travel ընկերությունը լուրջ վնաս կկրի, եթե դադարեցնի համագործակցությունն իրանցի գործընկերների հետ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Բելլա Գևորգյանը։
Հայկական Flight Travel ընկերությունը, որը զբաղվում է ավտոմեքենաների վաճառքով, ընկել է ԱՄՆ–ի պատժամիջոցների տակ Mahan Air իրանական ավիափոխադրողի հետ համագործակցության պատճառով։
«Տվյալ պահին մեր գործունեությանը պատժամիջոցները չեն խանգարում, և մենք սպասում ենք, թե ինչ կլինի հետագայում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ մեր երկրի քաղաքացիները պետք է տառապեն այլ երկրների հակամարտության պատճառով», – ասաց նա։
Գևորգյանը նշեց, որ տոմսերի վաճառքը դադարեցնելու պահանջը կարող է լուրջ վնաս հասցնել ոչ միայն իր ընկերությանը, այլ նաև, ընդհանուր առմամբ, զբոսաշրջային ոլորտին, քանի որ նկատվում է դեպի Հայաստան իրանցիների մեծ հոսք։
Flight Travel –ի տնօրենը պնդում է, որ իր ընկերությունը հաշիվներ չունի ԱՄՆ–ում, համապատասխանաբար, դրանք չեն կարող սառեցվել։
Նա նշեց, որ նախազգուշացում է ստացել ԱՄՆ–ի դեսպանատնից և տեղեկացվել պատժամիջոցների մասին։ Հանդիպումներ են եղել դեսպանատան ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ նրանք լսել անգամ չեն ցանկացել ընկերության փաստարկների մասին և պնդել են իրանական ընկերության հետ համագործակցությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Հայկական իշխանությունների կողմից ոչ մի հարցում և պահանջ չի ստացվել։
Mahan Air–ի դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ–ի կողմից` պայմանավորված այդ ավիաընկերության ինքնաթիռներով, իբրև «ահաբեկչական կազմակերպություններին օգնելու» նպատակով, զենք և զինվորականներ տեղափոխելու մեղադրանքներով։