Յուրի Խաչատուրովի փաստաբանները կդիմեն Եվրոպական դատարան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբանը խոսել է իրենց հետագա քայլերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանները պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան` վիճարկելով Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել

«Ակնհայտ էր, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերջնական նպատակը Խաչատուրովի խոսելն էր կամ այլ անձանց խոսելն էր այն պայմաններում, երբ Խաչատուրովը կգտնվի կալանքի տակ։ Նշանակում է, որ այդ որոշումը եղել է ոչ իրավաչափ և հետապնդել է այլ ապօրինի նպատակ»,– ասաց Փաստաբանը։

Նրա խոսքով` այս հարցը բարձրացվել է Վճռաբեկ դատարանի առաջ։ Բայց պատասխան չի ստացվել։

«Մենք նոր ենք ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, և որոշակի ժամանակահատվածում բոլոր փաստական հանգամանքները նշելուց հետո կներկայացվի ՄԻԵԴ»,– ասաց Պողոսյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ այս ժամանակահատվածում իր վստահորդի հետ քննչական գործողություններ չեն իրականացվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։Հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։