ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խախտումներ է արձանագրել սուպերմարկետների խոշոր ցանցերում մատակարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով։
Իրավիճակն ուսումնասիրելով` Պետական հանձնաժողովը խիստ միջոցներ չի ձեռնարկել` առայժմ բավարարվելով նախազգուշացմամբ։ Զգուշացում են ստացել 150 մատակարար և 7 խոշոր սուպերմարկետների ցանց («Երևան սիթի», «SAS», «Նոր Զովք», «Էվրիկա», «Կրպակ», «MG» և «Պարմա»)։
Քանի որ սուպերմարկետները մեծ ծավալով են ապրանքներ գնում, նրանք կարող են ավելի ցածր գին պահանջել։ Հետևաբար նրանք կարող են սովորական խանութների համեմատ ավելի էժան վաճառել ապրանքը։
Իսկ մատակարարների համար էլ շատ կարևոր է խոշոր հաճախորդի հետ աշխատելը և նրանց թույլ են տալիս ապրանքի համար նաև ուշ վճարել (այս տարբերակը սովորաբար չի գործում փոքր խանութների դեպքում)։ Բացի այդ, սուպերմարկետները ապրանքի վաճառքի համար վճարովի ծառայություն են տրամադրում, օրինակ` տեղադրում են երևացող հատվածում կամ ակցիաներ են անցկացնում։
Սրանք շուկայական մրցակցությանը չեն հակասում։ Այդ ծառայությունները որևէ մեկը չի պարտադրում. դրանք կարելի է պատվիրել կամ չպատվիրել։ Սակայն մի շարք դեպքերում սուպերմարկետներն ու մատակարարներն այդքան էլ ազնիվ չեն եղել։
Օրինակ, երբ սուպերմարկետները տեղեկություն են ստացել, որ մրցակիցներն ապրանքն ավելի էժան են ստանում, ապա նրանք հաճախ մատակարարին ընտրության առաջ են կանգնեցրել. «Կա՛մ նրանց համար կբարձրացնես գինը, կա՛մ մեզ հետ չես աշխատելու»։ Մատակարարներից շատերը, չցանկանալով կորցնել խոշոր հաճախորդներին, զիջման են գնացել։
Իսկ այլ դեպքերում իրենց պահանջներն են թելադրում նաև խոշոր մատակարարները (շաքարավազ, կարագ, կաթնամթերք և այլն)։ Իմանալով, որ սուպերմարկետները ևս չեն կարող աշխատել առանց իրենց ապրանքների, նրանք են գին թելադրում։ Կամ լայն օգտագործման ապրանքների հետ կարող են «կամավոր–պարտադիր» հիմունքով իրենց նոր ապրանքներն առաջարկել։ Օրինակ` կաթի կամ կաթնաշոռի հետ առաջարկում են նոր տեսակի յոգուրտ` դրա համար անվճար գովազդ ստանալով։