Հայաստանի հետ որևէ ասոցիացիա չկա. Փաշինյանը խոսեց Վենեսուելայի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Վենեսուելայում տիրող իրավիճակը չի կարող Հայաստանի իրադարձությունների հետ ասոցիացիա առաջացնել։ Այս մասին այսօր ԵՏՀ կենտրոնական գրասենյակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներին հարցերին։

Հայաստանում հետևում են Վենեսուելայում կատարվող իրադարձություններին

«Բարեբախտաբար, մենք բախումներ և զոհեր չենք ունեցել։ Իսկ Վենեսուելայում, ցավոք, զոհեր կան։ Երկրորդը` Հայաստանում տեղի ունեցած ողջ գործընթացը լիովին համապատասխանում էր այն ընթացակարգերին, որոնք նախատեսված են երկրի օրենսդրությամբ և սահմանադրությամբ», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` հասկանալի չէ` ինչպես են Վենեսուելայի իրադարձությունները հարաբերակցվում երկրի սահմանադրությանը։ Ըստ Փաշինյանի` առաջին տպավորությամբ ամեն ինչ չէ, որ սահմանադրության տրամաբանության համաձայն է ընթանում։

«Ամեն դեպքում, առանցքային դեր պետք է խաղա երկրի քաղաքացիների դիրքորոշումը։ Որոշումը պետք է ընդունելի լինի նախևառաջ Վենեսուելայի ժողովրդի համար», – համոզված է Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պաշտոնական Երևանը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը։

Հիշեցնենք` հունվարի 22-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում զինվորականների ըմբոստության անհաջող փորձ էր տեղի ունեցել, որի մասնակիցները ձերբակալվել էին: Սակայն քաղաքի մի շարք թաղամասերում սկսվել էին զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն ցուցարարների: Իշխանությունը ցույցերը ցրելու նպատակով ուժի կիրառման էր դիմել:

«Դրական փոփոխությունների հույսով». Վենեսուելայի մասին պատմում է տեղացին

Երկրում անկարգությունների ու բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորներինն անցել է 150-ից։

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի նախագահ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի միանգամից ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես երկրի անցումային շրջանի նախագահ: Նա շեշտել է, որ կօգտագործի ԱՄՆ տնտեսական և դիվանագիտական ողջ ներուժը, որպեսզի «Վենեսուելայում վերահաստատվի ժողովրդավարությունը»:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերը Միացյալ նահանգների հետ և 72 ժամ է տվել այդ երկրի դիվանագետներին՝ իր երկիրը լքելու համար։

ԱՄՆ-ից բացի, ինքնահռչակ նախագահ, ընդդիմության առաջնորդ Գուաիդոյին ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը։

Երկրի գործող նախագահին աջակցություն են հայտնել Թուրքիան, Մեքսիկան, Կուբան և Բոլիվիան։

Եվրամիությունը Վենեսուելային իշխանությանը նոր ընտրություններ անցկացնելու կոչ է արել։