Ո՞ւմ հետ էր հեռախոսով խոսում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ. «Փաստ»

Մամուլը շարունակում է քննարկել, թե ՀՀ վարչապետն ում հետ էր հեռախոսով զրուցում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Դավոսում Փաշինյան–Ալիև հանդիպումը պատահական չի ստացվել, ինչպես իր ֆեյսբուքյան ուղերձում հայտարարել էր ՀՀ վարչապետը։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

Փաշինյան–Ալիև հանդիպման կադրերը. տեսանյութ

«Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիև–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակում»,– գրում է պարբերականը։

Ըստ թերթի` Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը հեռախոսով խոսելով գնում էր դեպի Ալիևի հետ հանդիպման սենյակ, նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից:

Հիշեցնենք` հունվարի 23-ին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մեկուկես ժամանոց ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Դավոսում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ հանդիպման գնալու ամբողջ ճանապարհին Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցում է ինչ–որ մեկի հետ։ Ըստ որոշ մեկնաբանությունների` Փաշինյանը հանդիպման ընթացքում արծարծվող հարցերի շրջանակը քննարկում էր ԱԳ նախարար Մնացականյանի հետ։