Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Երիտասարդական հիմնադրամի տնօրենին

ՀՀԿ–ական նախկին պատգամավորը հաղորդում էր ներկայացրել կուսակցի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու յուրացման մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կարեն Ավագյանը վախեցել է, որ փաստերը կբացահայտվեն. «Ժողովուրդ»

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով այդ պաշտոնը, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից հափշտակել ու յուրացրել է խոշոր չափերի գումար:

Իսկ հետո գողոնը «օրինականացնելու» համար այն մաս–մաս փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերությունների հաշվեհամարներին և կանխիկացրել:

Այս մեխանիզմով ընդհանուր հափշտակված 325.600.000 ՀՀ դրամից 226.464.209–ը փոխանցվել է տարբեր հաշիվների։ Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:

2013 թվականի մայիսի 15-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մոր հաշվեհամարից 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին։

2013 թվականի մայիսի 14-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490.583 ԱՄՆ դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, իսկ կնոջ հաշվեհամարից 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին, կանխիկացրել ու ծախսել։

Կարեն Ավագյանը հանցագործության մասին հաղորդում է տվել Երիտասարդական հիմնադրամի դեմ

Այս փաստերի հիման վրա Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և յուրացում)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետաքրքրական է, որ հիմնադրամի տնօրենին առաջադրված մեղադրանքն ու հարուցված քրեական գործը հետևանք են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանի` 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտե ներկայացրած դիմումի, որով նա հայտնել էր, թե 2018թ–ի ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր է կնքել:

Նշենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է։