ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցին

Արմեն Սարգսյանին զեկուցել են, որ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրն ուզում է հանդիպել նախագահի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի համաներման մասին ՀՀ վարչապետից որևէ առաջարկություն չի ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից` հավելելով, որ աշխատակազմի ղեկավարն այդ մասին տեղյակ է պահել նաև Ենոքյանին մեղսագրվող հանցագործության զոհ դարձած Իոսիֆ Աղաջանովի քրոջը`Ելենա Աղաջանովային` նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից

Նախագահի աշխատակազմից նաև հայտնում են, որ Արմեն Սարգսյանը հետևում է հասարակական հնչեղություն ստացած այս հարցին։ Նախագահին զեկուցվել է նաև 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի ՝ ՀՀ նախագահին ուղղված հանդիպման խնդրանքով բաց նամակին։

ՀՀ նախագահի աշխատակազմը հիշեցնում է, որ համաձայն «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:

Հիշեցնենք` քրեական գործի ու դատարանի վերջնական վճռի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է` մարդ ենք սպանել», ու նաև որոշ մանրամասներ է պատմում այդ սպանությունից։