Աշոտյանը Փաշինյանի ասուլիսից հետո խայտառակ փաստեր է արձանագրել

ՀՀԿ փոխնախագահը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ներքին սպառման վարչապետ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի այսօրվա ճեպազրույցին։

«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի ուշագրավ (տես՝ խայտառակ) փաստ»,– գրել է Աշոտյանը:

Այնուհետև նա թվարկել է իր դիտարկումները` առաջին կետով անդրադառնալով ԵԱՏՄ–ի թեմային։

«Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերություններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբևէ»,– գրել է Աշոտյանը:

Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ–ից. Փաշինյանը պատասխանել է հարցին

Փաշինյանը հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ դեմ է քվեարկել Եվրասիական միությանը միանալուն, իսկ ավելի ուշ քննարկումներ է անցկացրել ԵԱՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ։ «Սակայն եթե մենք կարծում ենք, որ դա սխալ որոշում է, չի նշանակում, որ սխալներն ուղղելու համար պետք է ճիշտ հակառակ քայլեր անել։ Օրինակ բերեմ։ Բարաք Օբաման կարծում էր, որ Բուշը սխալ է արել, երբ զորք է մտցրել Իրաք։ Զորքը հանեցին և ի՞նչ ստացան։ Իսլամական պետություն (արգելված է մի շարք երկրներում – խմբ.)։ Կարծում եմ` սա փաստ է», – ասել է նա։

Ըստ Աշոտյանի` «Իսլամական պետության» ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ և չհասկանալ գեոպոլիտիկայից և տարածաշրջանային զարգացումներից:

«Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից,– գրել է Աշոտյանը և եզրափակել, – հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»: