ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանն ուշադիր հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է ՀՀ ԱԳՆ–ն։
«Հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 22-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում զինվորականների ըմբոստության անհաջող փորձ էր տեղի ունեցել, որի մասնակիցները ձերբակալվել էին: Սակայն քաղաքի մի շարք թաղամասերում սկսվել էին զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն ցուցարարների: Իշխանությունը ցույցերը ցրելու նպատակով ուժի կիրառման էր դիմել:
Երկրում անկարգությունների ու բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորներինը` անցել է 150-ից։
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի նախագահ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի միանգամից ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես երկրի անցումային շրջանի նախագահ: Նա շեշտել է, որ կօգտագործի ԱՄՆ տնտեսական և դիվանագիտական ողջ ներուժը, որպեսզի «Վենեսուելայում վերահաստատվի ժողովրդավարությունը»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերը Միացյալ նահանգների հետ և 72 ժամ է տվել այդ երկրի դիվանագետներին՝ իր երկիրը լքելու համար։
ԱՄՆ-ից բացի, ինքնահռչակ նախագահ, ընդդիմության առաջնորդ Գուաիդոյին ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը։
Երկրի գործող նախագահին աջակցություն են հայտնել Թուրքիան, Մեքսիկան, Կուբան և Բոլիվիան։
Եվրամիությունը Վենեսուելային իշխանությանը նոր ընտրություններ անցկացնելու կոչ է արել։
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեղադրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում իշխանափոխության փորձ իրականացնելու համար։