Ցավոք, նախկինների և ներկաների միջև աշխատանքային շփումները դեռ բացառություն են. Աշոտյան

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է իր և Մխիթար Հայրապետյանի հանդիպման ընթացքում ունեցած զրույցի որոշ մանրամասների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Հունվար — Sputnik. ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն այսօր՝ հունվարի 25-ին հանդիպում է ունեցել Եվրանեսթում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։

Այս մասին Աշոտյանը տեղեկացրել է Facebook-ում իր էջի միջոցով:

Նա ցավով է արձանագրում, որ «նախկինների և ներկաների միջև նման աշխատանքային շփումները դեռ բացառություն են, թեպետ՝ կենսական անհրաժեշտություն երկրի շահերի տեսակետից»։

Գրառումը Արմեն Աշոտյանը կատարել է լրագրողների՝ իրեն ուղղված հարցերին ի պատասխան: Նա ողջունել է Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությունը և շեշտել է, որ ինքը նույնպես ճիշտ է վարվել նախաձեռնությանն ընդառաջ գնալով։

ՀՀԿ նախագահի տեղակալը, որը վերջին մեկ և կես տարում գլխավորում  էր Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, մանրամասն ներկայացրել է Մխիթար Հայրապետյանին նախկինում կատարված աշխատանքի, նվաճումների, խնդիրների և կառույցի ներքին խոհանոցի մասին։

Արմեն Աշոտյանը գրառման մեջ շեշտել է, որ պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք։

Նա հաջողություն է մաղթել Ազգային Ժողովի նոր պատվիրակությանը և պատրաստակամություն հայտնել  ապագայում ևս իր հնարավորությունների շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում, ինչպես նաև շարունակելու է հետևել և հարկ եղած դեպքում՝ քննադատել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը։