ՀՅԴ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի իշխանություններին

Կուսակցության Ընդհանուր ժողովը հայտարարություն է ընդունել 33-րդ նիստի ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության Ստեփանակերտում կայացած 33-րդ Ընդհանուր ժողովը հայտարարություն է ընդունել: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Կուսակցությունը հրատապ անհրաժեշտություն է համարում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը։ ՀՅԴ ընդհանուր ժողովը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:

«Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը նաև արձանագրել է, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ։