Կառավարությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից. 43 վարորդ կմնան անգործ

ՀՀ վարչապետի աշխատակազմը սպասարկող 50 ավտոմեքենաներից 43-ը կրճատվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Ըստ նրա` վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը ներկայիս 50-ից կմնա 7-ը։

Աղաջանյանի խոսքով, այս պահին ծառայողական ավտոմեքենաներով ու անձնական վարորդով են ապահովված ՀՀ փոխվարչապետները, վարչապետի խորհրդականներն ու որոշ օգնականներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալները, աշխատակազմի վարչության պետերն ու ենթակա գրասենյակների պետերը, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարը։

Փոփոխություններից հետո ծառայողական ավտոմեքենաներ կունենան երկու փոխվարչապետերն ու ԱԽ քարտուղարը։

«Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից»,– իր գրառման մեջ հայտնում է Աղաջանյանը։

Աշխատակազմի ղեկավարի խոսքով` ավտոմեքենաների թվի կրճատման արդյունքում անաշխատանք մնացած 43 վարորդներն արդեն ծանուցվել են`օրենքի պահանջին համապատասխան։