Թաթան համազգային է, բայց պիտի վճարի. ՊԵԿ նախագահ

Դավիթ Անանյանը ներկայացրեց, թե ինչ ընթացքում է երգիչներին հարկելու գործընթացը։ Նա վստահեցրեց, որ արտոնյալներ չեն լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Թաթան ոչ միայն մերն է, այլ բոլորինը, համազգային է, բայց արտոնյալ չէ։ Այսօր` հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երգիչներին հարկելու նախաձեռնությունն ու մամուլում հայտնված տեղեկությունը, թե ՊԵԿ նախագահը հրահանգել է Թաթային «ձեռք չտալ»` ասաց Դավիթ Անանյանը։

«Այդպիսի հայտարարություն չի եղել, և չի կարող լինել։ Ոչ ոք արտոնյալ չէ»,– ասաց Անանյանը։

Պետեկամուտների կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ հարկային տեսուչները հսկում են երգիչների եկամուտները` այցելելով ռեստորաններ, ժամանցի վայրեր։

«Հորդորում են, որ, եթե լինում են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձևակերպեն այդ մարդկանց աշխատանքը»,– ասաց Անանյանը։

Ինչ պետք է անեին հայ երգիչները, որ 25 տարի չեն արել. հիմա նրանք 2 շաբաթ ժամանակ ունեն

ՊԵԿ նախագահը նշեց նաև, որ իր` դեռևս անցյալ տարվա հայտարարությանը շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոչ ոք առայժմ չի արձագանքել։ Նրանց օրենքով շուրջ 2 ամիս ժամանակ է տրվել։

«Մինչև մարտի 15-ը եկամտահարկի ամփոփ տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերջնաժամկետն է։ Այսինքն, մարդիկ դեռ ունեն ժամանակ»,– ասաց Անանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ին ՊԵԿ նախագահն ասել էր, որ հայ երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել:

Ընդ որում, ՊԵԿ նախագահի խոսքը հիմնականում վերաբերում էր ռեստորաններում երգող անհատ կատարողներին, քանի որ դասական երաժիշտները (օրինակ` Տիգրան Մանսուրյանը) կանոնավոր կերպով հարկային հայտարարագրեր են կազմում և հարկ վճարում։

ՊԵԿ–ը բազմաթիվ անգամ դիմել է շոու բիզնեսի ներկայացուցիչներին` խնդրելով հաշվառման կանգնել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտները և բարեխիղճ հարկ վճարող դառնալ` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում։