ՌԱԴԻՈ

Անանյան. «Պարգևավճար ստացել են բոլորը. ամենամեծը կազմել է 1.5 մլն դրամ»

Դավիթ Անանյանը մանրամասնել է, թե ովքեր են պարգևավճարներ ստացել և որքան։
Sputnik
Անանյան. «Պարգևավճար ստացել են բոլորը. ամենամեծը կազմել է 1.5 մլն դրամ»

ՊԵԿ աշխատակիցները պարգևավճարներ ստացել են` ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը։ Այս մասին այսօր, կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով հանրության շրջանում լայն քննարկման արժանացած` պետական ու համայնքային մարմիններում տարեվերջին տրամադրված պարգևավճարների, 13-րդ աշխատավարձերի ու հավելավճարների թեմային։

Պարգևավճարների շուրջ սկանդալը թեժանում է. Պետեկամուտների կոմիտեն հերքում է լուրերը

«Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև մենք անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունենք», –ասաց Անանյանը։ 

Նա չբացահայտեց նաև իր ստացած եկամտի չափը` լրագրողներին հորդորելով զինվել համբերությամբ ու սպասել երկու օր` մինչև ինքը կհրապարակի իր եկամուտների հայտարարագիրը։

Այդուհանդերձ, տեղի տալով լրագրողների հարցապնդումներին, ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ ամենամեծ առձեռն վճարված պարգևավճարները կազմել է 1.5 մլն դրամ։ Բայց թե ով է ստացել այդ գումարը, հրաժարվեց բացահայտել։

Իսկ թե ինչով է բացատրվում ՊԵԿ–ում պարգևավճարների մեծությունը, Անանյանն այսպես մեկնաբանեց. «ՊԵԿ—ը պետական այլ կառույցներից տարբերվում է նրանով, որ այստեղ պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է, որովհետև ավելի մեծ են այստեղ կոռուպցիայի ու կաշառակերության ռիսկերը։Ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը արժանապատիվ և մոտիվացիոն համակարգերի ստեղծումն է»։

Նշենք, որ պարգևավճարների հետ կապված սկանդալը շարունակում է թեժանալ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի) շռայլ պարգևավճարներ են գրել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Նրանցից շատերը ընդամենը մի քանի ամիս են աշխատել։