ՌԱԴԻՈ

Արշակյան. «Փաստաթուղթը վարքագծի կանոններ չի պարտադրում կամ թելադրում»

Փաստաթուղթը, որ դրվել է հանրային քննարկման, նորմատիվ փաստաթուղթ չէ։ Խոսելով ԿԳՆ-ի «Ուսուցչի վարքականոն» նախագծի մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Sputnik
Արշակյան. «Փաստաթուղթը վարքագծի կանոններ չի պարտադրում կամ թելադրում»

«Այն կրում է  խորհրդատվական, մեթոդական բնույթ։ Փաստաթուղթը ներդրվել է դեռևս 2014թ.–ին, մշակվել է դպրոցների կենտրոնների կողմից և ասեմ, որ շատ դպրոցներում արդեն օգտվում և առաջնորդվում են այդ փաստաթղթից։ Նախարարության կողմից այն միայն լրամշակվել է»,–ասում է նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով` փաստաթուղթն ուղարկել է բոլոր մարզային դպրոցներ` քննարկվելու, ստացել են առաջարկներ` նաև տարբեր գերատեսչությունից։

«Փաստաթուղթը վարքագծի կանոններ չի պարտադրում կամ թելադրում։ Սրանք նորմեր են, որոնց միջոցով փորձելու ենք դպրոցում կարգավորել աշակերտ–ուսուցիչ, ուսուցիչ–տնօրինություն հարաբերությունները` աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,–ասաց Արշակյանը։

Նա նկատեց, որ, անկախ փաստաթղթից դպրոցում այս հարաբերությունները վերահսկող մարմիններ կան։