Բողոքի ցույց Երևանի քաղաքապետարանի մոտ. տաքսիստները պահանջում են չեղարկել տուգանքները

Տուգանքները խլում են տաքսիստների վաստակածը, որն առանց այդ էլ քիչ է, պնդում են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված ակտիվիստները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Չի կարելի խեղդել տաքսիստներին ճանապարհային տուգանքներով։ Այսօր` հունվարի 23–ին, Երևանի քաղաքապետարանի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ այս մասին հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ–ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ցուցարարների հիմնական պահանջն աննշան խախտումների համար տուգանքները զրոյացնելն է։

«Այդ պատճառով մենք փող ենք կորցնում, իսկ գումար վաստակելու հնարավորություններ չունենք։ Ավելի ճիշտ, դրանք կան, բայց քաղաքապետարանը խլել է դրանք», – ավելացրեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` տաքսու վարորդները պետք է ոչ միայն տաքսի վարեն, այլ նաև հասարակական տրանսպորտ։

«Իսկ եկամուտը պետք է իրենց պահեն, ոչ թե տան տրանսպորտային մաֆիային։ Նրանք պետք է տնօրինեն իրենց վաստակած գումարը»,– ավելացրեց Հովհաննիսյանը։

Պահանջների ցուցակն այդքանով չի սահմանափակվում։ Ակտիվիստը կարծում է, որ տաքսու վարորդների վարած մեքենաները պետք է հայկական արտադրության լինեն։

«Ես ծանոթ եմ հայ գործարարի հետ, որն ավտոմեքենաներ է արտադրելու։ Նա քաղաքապետարանին առաջարկում է իր նախագիծը։ Բայց քաղաքապետարանը չի ուզում լսել այդ մասին», – ասաց նա։

Նշենք, որ ցույցին մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում։