Քարսիթները կարող են փրկել երեխաներին. Թորոսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել

Համաշխարհային փորձը խոսուն կերպով վկայում է քարսիթների արդյունավետության մասին։ Այդ մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քարսիթների (ավտոբազկաթոռ) օգտագործումը մինչև 60 տոկոսով նվազեցնում է վնասվածքների քանակը ՃՏՊ-ների դեպքում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում փոփոխությունների նախագիծը։

Քարսիթով, թե՞ առանց քարսիթի. նոր օրինագիծը շրջանառության մեջ է

Ավելի վաղ Թորոսյանը հաղորդել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստել է փոփոխությունների նախագիծ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում, որը ենթադրում է երեխաներին տեղափոխելիս քարսիթների պարտադիր օգտագործում։

«Օրինագիծը միտված է մանկական տրավմատիզմի և մահացության իջեցմանը։ Անցած տարվանից մենք սկսել ենք մանկական մահացածության և վնասվածքների վիճակագրությունն ուսումնասիրել։ Բայց այս թեմայով կա նաև համաշխարհային վիճակագրություն», – ասաց Արսեն Թորոսյանը:

Եթե երեխան ճիշտ է նստած քարսիթում, ապա մինչև 4 տարեկան երեխաների վնասվածքների հնարավորությունը նվազեցվում է 50 տոկոսով, եթե ավտոբազկաթոռը տեղադրված է վարորդի կողքին և 80 տոկոսով, եթե այն հետևի նստատեղին է։

Թորոսյանը նշեց, որ պետք է հետևել ոչ միայն օրենսդրությունում փոփոխություններ կատարելուն, այլ նաև գործնականում դրանց կիրառելուն։

«Քաղաքացիների, այդ թվում` երեխաների պաշտպանությունը, պետության պարտականությունն է` անկախ նրանից ծնողները գիտակցում են վտանգը, թե ոչ», – նշեց նախարարը։

Նա առաջարկեց համոզվելու համար այցելել հիվանդանոցների մանկական բաժանմունքներ և տեսնել, վնասվածքներով քանի երեխա է այնտեղ բուժվում։

Նշենք, որ առողջապահության նախարարության տվյալներով` 5-9 տարեկան երեխաների շարքում անվտանգության գոտիները 19 տոկոսով են նվազեցնում վնասվածքներ ստանալու հավանականությունը, իսկ քարսիթները` 52 տոկոսով։