ՌԱԴԻՈ

Ալիխանյան.«Փաշինյանը վստահ է, նա մի փոքր ավելի հանգիստ է նստած, քան Ալիևը. ժեստերի լեզուն»

Դավոսում Նիկոլ Փաշինյանի արտաքին տեսքը խոսում է այն մասին, որ նա բավականին վճռական է տրամադրված, դա է վկայում անգամ նրա կարմիր փողկապի առկայությունը։
Sputnik
Ալիխանյան.«Փաշինյանը վստահ է, նա մի փոքր ավելի հանգիստ է նստած, քան Ալիևը. ժեստերի լեզուն»

Վերլուծելով Դավոսում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման շրջանակում մեր երկրի ղեկավարի կեցվածքը` Sputnik Արմենիայի եթերում ասաց իմիջմեյքեր, քաղտեխնոլոգ Մարիամ Ալիխանյանը։

«Փաշինյանի դեմքի արտահայտությունը և միմիկան ևս խոսում են այն մասին, որ նա լուրջ է տրամադրված և մտադիր է իր դիրքորոշումը պաշտպանել»,–ասում է Ալիխանյանը։

Դավոսյան հանդիպման հակառակ երեսը. տեղի՞ն է արդյոք հայ հասարակության խուճապը

Բուռն քննարկման առարկա դարձած ՀՀ վարչապետի` հանդիպմանը նստելու դիրքի մասին խոսելիս` փորձագետն ասաց, որ առանձնապես լարվելու բան չի տեսնում, որովհետև երկուսն էլ նույնկերպ փակված են։

«Նրանց նստած դիրքերը խոսում է այն մասին, որ երկուսն էլ փորձում են իրենց տարածքը պաշտպանել։ Փաշինյանը մի փոքր ավելի հանգիստ է նստած, քան Ալիևը։ Ճիշտ է` վերջինս ժպտում է տեսախցիկներին նայելով, բայց դրա հետ մեկտեղ լարվածությունը դիրքի մեջ երևում է։ Փաշինյանի մոտ շատ ավելի հանգիստ վիճակ է այդ տեսակետից»,–ասում է քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով` Փաշինյանի խեղճացած դիրքի մասին տեսակետները գալիս են նրանից, որ ՀՀ վարչապետը մի փոքր հենվել էր աթոռի հենակին և թվում է, թե կծկված է, բայց Ալիխանյանի կարծիքով նստելու այդ ձևը խոսում է այն մասին, որ Փաշինյանի մոտ լարվածությունը ավելի քիչ է։

«Փաշինյանը շատ պատրաստված է գնացել, դրա մասին նաև նրա կոստյումն ու փոխկապն են խոսում»,–նկատում է իմիջմեյքերը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 22-ին, Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ: