ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ալիևի հետ հանդիպման մասին ֆեյսբուքյան հայտարարությանը։
Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնում, որ Փաշինյանը խուսափել է հիմնական հարցերից և խորացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ առկա անհանգստությունը:
«Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը`փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով»,– գրում է Աշոտյանն ու հավելում`ավելի լավ է` լռեր:
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 22-ին, Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ քաղաքացիների հետ արդեն ավանդական դարձած իր ֆեյսբուքյան զրույցի շրջանակներում պատմել է, թե ինչով էր պայմանավորված Ալիևի հետ հանդիպումն ու ինչի մասին են խոսել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում։