«Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է Կանադա. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ Մարտիրոսյանն ընտրություններից առաջ առաջարկ է ստացել, բայց մերժել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգությունն» իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,– գրում է պարբերականը:

Թերթի տեղեկություններով` Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրություններն առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրկված լինելու համար, սակայն մերժել է:

Պարբերականը փորձել է Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացել: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել»,- ասել է նա:

Մարտիրոսյանը «Ժառանգության» նախագահ է ընտրվել 2018 թվականի փետրվարի 24—ին։