Սուրենավանցին «Կալաշնիկովով» կրակել է համագյուղացիների վրա ոչխարների պատճառով

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Սուրենավանում տեղի ունեցած կրակոցների պատճառների ու հետևանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Արարատի մարզի Սուրենավան գյուղում հունվարի 22-ին հնչած կրակոցներն արձակվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից։

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ կրակոցների պատճառը եղել է ոչխարներն արածեցնելու շուրջ ծագած կռիվը։

Այսպես` Սուրենավան գյուղի 21-ամյա բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակել է 46, 34 և 31 տարեկան համագյուղացիների ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի 4 պարկուճ և արյան հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակողի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել հանցագործություն կատարած անձին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմին։

Հիշեցնենք`հունվարի 22-ին Վեդիի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Սուրենավանի հրազենային վնասվածք ստացած 3 բնակիչներ։ Ըստ մամուլի` տուժել են 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը և 47-ամյա Վահան Ղազարյանը։

Իսկ նրանց վրա կրակողը, նույն գյուղի բնակիչ Արգիշտի Բրոյան է, որը փախել է դեպքի վայրից։