Ջրային կոմիտեի պետը պարգևատրել է իրեն ու գումարը նվիրել «Իմ քայլին». «Հրապարակ»

Մամուլը շարունակում է բացահայտել պետական մարմինների տարեվերջյան պարգևատրումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են իրենց և իրենց աշխատողների համար պարգևավճարներ դուրս գրել, այլև որոշ պետական կառույցներ: «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը 100-ից ավելի աշխատողների 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։

Մարզպետները շատ են աշխատել, իրենց պարգևատրել են, իսկ դուք օբյեկտիվ չեք. Աղաջանյան

«100 000 դրամ ստացող մասնագետի գլխին 150 000 դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել»,- գրում է թերթը։

Ջրային կոմիտեից պարբերականին հայտնել են, որ պարգևատրումներ եղել են, բայց որևէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին: Ջրային կոմիտեում պարգևատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները»,- հայտնել են Ջրկոմից:

Կոմիտեից հաստատել են նաև, որ Ինեսա Գաբայանը պարգևատրվել է, բայց պարգևավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Ըստ թերթի` Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին: