Հայաստանի 3 քաղաքացի իրենց պատիժը կկրեն Ռուսաստանի կալանավայրերում

ՀՀ քաղաքացիներին մեղադրել են շորթման մեջ՝ բռնություն կիրառելու և գույքի ոչնչացման սպառնալիքով, ինչպես նաև շուրջ 700 հազար ռուբլու չափով գույքի յուրացման մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայաստանի երեք քաղաքացի Ռուսաստանում կուղարկվեն խիստ ռեժիմի գաղութ՝ հեռագնաց վարորդների վրա հարձակում իրականացնելու համար:

Newdaynews-ը հայտնում է, որ ըստ Չելյաբինսկի մարզի դատախազության՝ հանցագործություններն իրականացվել են 2016-ի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հարավային Ուրալի միջքաղաքային մայրուղիներում:

ՀՀ քաղաքացիներին մեղադրել են շորթման մեջ՝ բռնություն կիրառելու և գույքի ոչնչացման սպառնալիքով, ինչպես նաև շուրջ 700 հազար ռուբլու չափով գույքի յուրացման մեջ:

Մեղադրյալները մեղքը մասնակի են ընդունել: Նրանց դատապարտել են 5, 7.5 և 9 տարվա ազատազրկման, որը նրանք կկրեն ընդհանուր և խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում: