Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր այդ պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Հունվար — Sputnik. Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօր՝ հունվարի 22-ին հրավիրված 9-րդ նիստում խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Գևորգ Մուրադյանը։

Նոր տարվա լավագույն նվերը ապագա լրագրողներին. լուսանկարներ

Նա հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԿԳ նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կառավարությունից ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա թեկնածուին ներկայացնելիս նշեց, որ այժմ իրենք շեշտը դնելու են պրոֆեսիոնալիզմի վրա՝ համոզմունք հայտնելով, որ Գևորգ Մուրադյանի փորձը մեծ նպաստ կբերի Համալսարանին, բուհը բարեփոխումների ճանապարհով տանելու տեսանկյունից։

Գևորգ Մուրադյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, գիտական աշխատանքով է զբաղվել Եվրոպայում և Ամերիկայում։

2016 թվականին եղել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ Այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը:

Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում ձայների մեծամասնությամբ ընտրվեց Արթուր Իսրայելյանը: Ի տարբերություն մյուս թեկնածուի՝ Ամալյա Սողոմոնյանի հավաքած 14 ձայների, նա ստացավ 16 ձայն:

Հիշեցնենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր այդ պաշտոնից։