«Դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով կրճատել փոխմարզպետների թիվը». Էդմոն Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ է դիմել վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և այդ հաստիքի գոյության հետ: Այս մասին Մարուքյանը գրել է իր Facebook.com էջում:

«Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը»,- հարցնում է Մարությանը:

Նա հիշեցնում է, որ քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի:

«Այժմ 1-ի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ:

Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն»,- արձանագրում է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար:

Ըստ նրա՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։