ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ավելի քան 10 տարվա վաղեմության ապօրինություններ է բացահայտել, որոնց մեջ ներգրավված են նախկին պաշտոնյաներ։
Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, 2007 թ.–ին Ծաղկաձորի անտառների շուրջ 50հա–ը ներկայացվել է որպես ոչ անտառապատ ու կառուցապատվել։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2006թ.–ին Կոտայքի մարզպետը տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ Հրազդան քաղաքին պատկանող 50.48 հա անտառածածկ հողերը ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան։ Նախարարությունը նույն առաջարկով դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, ներառվել 2007 թվականի ապրիլի 5-ի կառավարության նիստի օրակարգում և և ընդունվել։
Դրանից հետո Հրազդանի քաղաքապետարանը հողատարածքը բաժանել է տարբեր կտորների աճուրդով վաճառել։ 2009թ–ին էլ արդեն սեփականաշնորհված հողերը միացվել են Ծաղկաձոր համայնքին:
ՔԿ հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերը որևէ դեպքում ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ վերոհիշյալ գործընթացում ներգրավված են եղել մի շարք պաշտոնատար անձինք` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը և այլ գերատեսչությունների ղեկավարներ։
Ըստ հարուցված քրեական գործի` նրանք` խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն իրականացնելու համար։
Նշենք նաև, որ քրեական գործը հարուցվել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում հրապարակված հոդվածում նշված փաստերի ուսումնասիրության արդյունքում։
Ըստ հրապարակման` այս ապօրինի գործարքի արդյունքում Ծաղկաձորի անտառային տարածքներում սեփականատերեր են դարձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք: