Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հնարավորություն է փնտրում. Փաշինյան

ՀՀ վարչապետը խոսել է նոր ատոմակայան կառուցելու և ատոմային էներգետիկայի կարևորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ԱԷԿ կառուցելու հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում, Եվրոպայում, Չինաստանում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա միայն ֆիզիկապես կառուցելու հարց չէ։ Շատ կարևոր է ներդրումներ ու ֆինանսավորում գտնել»,– ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ այս պահին ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագիծ կա։

«Հիմա մեզ համար առաջնահերթ է այդ նախագիծը հաջողությամբ ավարտին հասցնել։ Իհարկե, մենք զուգահեռաբար քննարկում ենք նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Ցավոք, առայժմ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, բայց այդ հարցը մենք քննարկում ենք մեր պոտենցիալ գործընկերների հետ։ Ատոմային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար»,– ՌԻԱ Նովոստիին ասել է Փաշինյանը։

Հայաստանի ատոմակայանը 2019թ–ին երկար ժամանակով կկանգնի, բայց ավելի շատ հոսանք կտա

Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երևանից մոտ 30 կմ հարավ) գտնվող ատոմակայանը միակն է տարածաշրջանում: Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976թ–ի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980թ–ի հունվարին: Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել էր 1989թ–ի մարտին` 1988-ի երկրաշարժից հետո:

Հայաստանի կառավարության երկարաժամկետ ծրագիրը նախատեսում է ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027 թվական և հետագայում աստիճանաբար շահագործել նոր բլոկներ:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ գործակցության աշխատանքները շարունակվում են` ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրն իրականացնելու համար: