Մանվել Գրիգորյանի նկատմամբ որոշումը ճնշումների հետևանք է. փաստաբան

Գեներալ–լեյտենանտի փաստաբանը մեկնաբանել է իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը Վերաքննիչ դատարանի` գեներալ–լեյտենանտին կալանավորելու որոշումը համարում է ճնշումների տակ կայացրած։

Փաստաբանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ չզանգել. օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»,– դիմելով իր հետ կապ հաստատելու անօգուտ փորձեր անող լրագրողներին` գրել է Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` մերժելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի

Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ կայացած դատական նիստում որոշվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց թողնել կալանավորումը։

Գրիգորյանի պաշտպանները դատարանից հեռացան հետնամուտքով ու մինչև այս պահն անհասանելի են լրագրողների համար։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։

Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման որոշումը։