Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են` ովքեր են վիրավորներն ու կրակողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Արարատի մարզում կրակոցներ են հնչել։ Այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 16:40-ի սահմանում Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Սամուել Ֆարմանյանը բերման է ենթարկվել. երկրորդ «թալանչին» էլ հայտնաբերվեց. տեսանյութ

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ են` 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը և 47-ամյա Վահան Ղազարյանը:

Ոստիկանները պարզել են, որ նրանց հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից:

Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև կրակոցի հետևանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակողի ինքնությունը։ Նա նույն գյուղի բնակիչ է` 22-ամյա Արգիշտի Բրոյանը, որը փախել է դեպքի վայրից։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, կասկածյալ Ա. Բրոյանին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: