Ընդհանուր առմամբ, կոնֆլիկտը, որը անցած շաբաթ առաջացավ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների միջև, կարելի է լուրջ համարել։
Ուրբաթ Ռուսաստանի ԱԳՆ–ն հայկական արմատներ ունեցող իր քաղաքացիների մուտքը Ադրբեջանի տարածք արգելելու հետ կապված կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ. հայտարարվեց, որ նման պրակտիկան անընդունելի է, իսկ այդ թեմայի վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանության տոնայնությունը դուրս է դիվանագիտական քաղաքավարության շրջանակներից։
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ հիշատակվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանի, Լենինգրադի պաշարման 81-ամյա մասնակցի, ինչպես նաև մի քանի ժամ հատուկ վայրում պահվող մի կնոջ և նրա 4 տարեկան որդու մուտքն Ադրբեջան արգելելու դեպքերը։
Չենք միջամտի մի հարցի, որը պետք է ուսումնասիրվի և կարգավորվի երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից. թող որ խնդիրն ուղղակիորեն առնչվում է մեր հայրենակիցներին։ Նրանք` Ռուսաստանի քաղաքացիներ են, և Ռուսաստանի ԱԳՆ–ն, անկասկած, գիտի, ինչպես պաշտպանել սեփական քաղաքացիներին և կանի դա։ Հարևան պետությունում ՀՀ քաղաքացիներն անելիք չունեն, բացառությամբ մի քանի թափթփուկների, իսկ թե ինչ կլինի նրանց հետ, երբ իրենց հավատարիմ ծառայությունը հարևաններին այլևս պետք չլինի, մեզ ամենաքիչը պետք է մտահոգի։
Սակայն ձևացնել, որ մեզ այս ամենը բացարձակ չի վերաբերվում, նույնպես չի կարելի։ Հատկապես, երբ արևելյան հարևանների որոշ բարձրաստիճան դիվանագետներ բավական հատկանշական հայտարարություններ են անում. օրինակ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ օղլուն, որը նախկինում երգիչ է եղել, իսկ այժմ Արևելքի դիվանագետ, տարբեր խնդիրների վերաբերյալ իր ինքնատիպ տեսակետն է ցուցադրել բազմիցս։
Թեև այս անգամ նա որևէ օրիգինալ բան չի ասել, սակայն արդար փաստարկ ամեն դեպքում գտնվեց։
«Այս հարցում իմ երկրի դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման կարգավորումները տվյալ կատեգորիայի անձանց (հայկական արմատներ և ազգանուն ունեցող – խմբ.) նկատմամբ է մտցվում, անկախ նրանց քաղաքացիությունից, և կապված են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի շարունակվող օկուպացիայի հետ, և առաջին հերթին, ելնում են իրենց իսկ անվտանգությունն ապահովելու նկատառումներից», – հայտարարեց Բյուլբյուլ օղլին։
Հասկանալի է, որ Լենինգրադի պաշարման մեջ եղած 81-ամյա կինը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող «Ադրբեջանի տարածքի զավթիչ» լինել, այսինքն նրա նկատմամբ այդ ենթակետը կարելի է չաշխատող համարել։ Իսկ ինչ վերաբերում է «նրա իսկ անվտանգությունն ապահովելու նկատառումներին», ապա այս հարցում Բյուլբյուլ օղլուն բուն թիրախին դիպավ։
Եվ իսկապես, հայկական արմատներ և ազգանուն ունեցող հարգելի տիկնայք և պարոնայք. անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի եք դուք, անկախ տարիքից և «տարածքի զավթիչ» լինելու կամ չլինելու տեսական հնարավորություններից, ձեր իսկ բարօրության համար, Ադրբեջան մի մեկնեք, ավելի ողջ–առողջ կլինեք։
Երբ երկրի դեսպանը փաստացի հանդես է գալիս խոստովանությամբ այն մասին, որ ինքը անհատներից կազմված հասարակություն է ներկայացնում, որը պատրաստ է միայն կոնկրետ ազգին պատկանելու, ազգանունի յուրահատուկ վերջավորություն ունենալու համար հոշոտել մարդու. ուրիշ ի՞նչ նախազգուշացումներ են պետք ձեզ։
Եթե այդ հասարակության մեջ մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը սովորական է այն աստիճան, որ նույնիսկ դիվանագետների համար է այն բնական, ապա այստեղ ոչինչ ասել այլևս հնարավոր չէ։
Ճիշտ նույն կերպ ոչինչ խորհուրդ չենք տա Հայաստանի ԱԳՆ–ին։ Պարզապես հույս հայտնենք, որ արցախյան թեմայով հերթական բանակցությունների գնալիս նրա ներկայացուցիչները կվերհիշեն Բյուլբյուլ օղլուի գոնե այս խոսքերը. այլապես անհասկանալիորեն վերջին շրջանում ոչնչով չհիմնավորված լավատեսություն է հայտնվել։
Լավատեսության չհիմնավորված լինելը առանձնակի ակնհայտ է դառնում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունների լույսի ներքո։