ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում դանդաղ, բայց՝ նվազում են։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է սուր շնչառական վարակների հիվանդացության վերջին տվյալները։
«Այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քիչ հիվանդ, քան երեկ։ Հիվանդանոցներն էլ այլևս նախկին ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում»,– ասաց նախարարը` հավելելով, որ հիվանդացության վիճակագրությունն օրեցօր անկում է ապրում։ Հատկապես արագ է նվազում վարակված երեխաների թիվը։
«Հոսպիտալացված երեխաների թվի անկում ունենք` ի տարբերություն անցած շաբաթվա, և այդ թիվը ստաբիլ անկում է ապրում»,– ասաց նախարարը` նշելով, որ այս պահին հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով 674 երեխա կա։
Մեծահասակների շրջանում վարակի ցուցանիշը դեռ բարձր է մնում, հատկապես` թոքաբորբով վարակների դեպքերը։ Մեծահասակների շրջանում հիվանդություններն ավելի դանդաղ են նվազում։ Վերջին 2-3 օրերի ընթացքում հիվանդանոցներում բուժվող հիվանդների թիվը նվազել է 10-ով։
Ընդհանուր առմամբ այսօր հիվանդանոցներում բուժում է ստանում ՍՇՎ–ով հիվանդ 1740 մարդ։ Մեկ շաբաթ առաջ` անցյալ երկուշաբթի, նրանց թիվը 2065 է եղել։
Անդրադառնալով կրթօջախներում` դպրոցներում, մանկապարտեզներում հիվանդ երեխաների առկայությանը, Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այսօր Հայաստանում 652 երեխա է ուղարկվել տուն։
Առողջապահության նախարարը մեկնաբանեց նաև բացակայությունների պաշտոնական թվի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններին` նշելով, որ հայտարարված 2.5 %–ը վերաբերում է դպրոց ու մանկապարտեզ չհաճախող հիվանդ երեխաների թվին։ «Մնացածը այլ պատճառներով չեն գալիս, ծնողները չեն ուղարկում` վախենալով, որ կվարակվեն»,– պարզաբանեց նախարարը և հավելեց. «Մենք շատ լավ հասկանում ենք այն պահը, երբ պետք է դպրոց ու մանկապարտեզ փակել, և եթե հարկ լինի երբեք չենք վարանի դա անել»։
Այս պահին, նախարարի խոսքով, դրա կարիքը չկա, հատկապես որ հիվանդացության նվազմանը զուգահեռ հիդրոօդերևութաբանական կանխատեսումներով եղանակն առաջիկայում չի ցրտի։