«Լուսավոր Հայաստանը» խնդրում է իշխանությանը չշարունակել «Քոչարյանի գիծը»

Քոչարյանի օրոք ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի և նախագահի ուղիղ հսկողության տակ էին։ Այդ քաղաքականությունը դեռ չի փոխվել նաև նոր իշխանության օրոք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ներկա իշխանությունը մեկ տարի առաջ հայտարարել էր, որ ուժային մարմինները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։ Հիմա նրանք հակառակն են ասում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Ներկա իշխանությունները հայտարարում են, որ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն դեպքում չպետք է հաշվետու լինեն խորհրդարանին։ Բայց մեկ տարի առաջ, երբ նրանք ընդդիմություն էին, Արարատ Միրզոյանը պահանջում էր նրանց հաշվետու լինել ԱԺ-ին։ Այլապես այդ կառույցները կարող են գործիք դառնալ իշխանության ձեռքերում։

Կառավարությունը դեռ չի որոշել` ինչ կրճատի. Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Գորգիսյանը հավելեց, որ այժմ, խոսնակ դառնալով, Միրզոյանը փոխել է իր կարծիքը։

«Իհարկե, փաստ չէ, որ ներկա իշխանություններն այդպիսով կօգտագործեն ոստիկանությունը և ԱԱԾ–ն։ Բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծում տանք հարցին, այլ ոչ թե հույսը դնենք իշխանության այս կամ այն ներկայացուցիչների բարի կամքի վրա», – հայտարարեց Գորգիսյանը։

Ոստիկանությունը և ԱԱԾ–ն կառավարության ենթակայության տակից դուրս է բերել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա դա արել է երկու պատճառով. Առաջին` որպեսզի իր անձնական հսկողության տակ պահի դրանք, երկրորդ`դրանց նկատմամբ հավակնություն չունենա ոչ մի քաղաքական կուսակցություն կոալիցիոն կառավարության բանակցությունների ժամանակ։

«Նախորդ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ղեկավարել է մեր ընդհանուր խմբակցությունը` «Ելքը»։ Եվ այն ժամանակ նա դեմ էր իրերի նման դրությանը` քննադատելով սուպերխորհրդարանական համակարգը։ Այդ խոսքերը հնչել են լիագումար նիստերում, որոնց տեսագրությունները պահպանվել են», – հայտարարեց Գորգիսյանը։

ՀՀ նոր խորհրդարանը «մարտական մկրտություն» ստացավ․ ինչ արդյունքներ կան

Համոզիչ չէ նաև իշխանությունների փաստարկը (նախկին, իսկ հիմա էլ ներկա) այն մասին, որ ոստիկանության և ԱԱԾ գործունեությունը պարունակում է գաղտնի տարրեր, ուստի հաշվետու լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ոչ ոք չի խնդրում բացահայտել հատուկ գործողությունների մանրամասները։ Ինչպես նշեց Գորգիսյանը, պատգամավորները խնդրում են հաշվետու լինել աշխատանքի մասին։

Նա հիշեցրեց, որ բանակը բոլորովին հանրային չէ (հասկանալի պատճառով)։ Այնուամենայնիվ, պաշտպանության նախարարությունը հաշվետու է խորհրդարանին` որպես Զինված ուժերի քաղաքականությունը ձևավորող մարմին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի նոր խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ոստիկանությունը և ԱԱԾ–ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին. հարցը քննարկումների կարիք ունի։