Վանեցյանն ու Քոչարյանը հաշտության չեկան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ 2–րդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը հաշտության չեկան։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի

Կողմերը հաշտության չգնացին։ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց, որ քրեական գործը որևէ մեկի դեմ ուղղված չէ: «Ուզում էի ճշտել՝ պարոն Սեդրակ Քոչարյանը Կոնգրեսի սեփականատերն է, թե՞ ոչ»։ Հարցին հայցվող կողմը դրական պատասխան տվեց:

«Դուք նշում եք, թե չգիտեք, թե ով է հյուրանոցի սեփականատերը, նույն հաջողությամբ կարող եմ հազար մարդ բերել, որ կասեն՝ գիտեն: Եթե պատասխանող կողմը հայտարարություն է արել առանց իմանալու, թե ով է սեփականատերը, փաստորեն անպատասխանատու հայտարարություններ են արել»,-ասաց Սեդրակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:

Վահագն Գրիգորյանն ասաց, որ հայցվոր կողմը պետք է ապացույցներ ներկայացնի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանն ասել էր, որ «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Նա պահանջում է զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում։