ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի թիմից գերսպասումներ ունի, որոնք առաջացրել են հենց Փաշինյանը և նրա համախոհները։ Հիմա, երբ պարզվում է, որ որոշ մարդիկ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն համապատասխանում պահանջներին, քաղաքացիների շարքում սկսում է աճել դժգոհությունը նոր իշխանության հանդեպ։ Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` ժամանակը հիմա հօգուտ իշխանությունների չի աշխատում, նրանցից պահանջվում են կոնկրետ քայլեր սոցիալ–տնտեսական իրավիճակը բարելավելու համար, նրանց յուրաքանչյուր քայլը դիտարկում են մանրադիտակի տակ։ Այդ իրավիճակը բավական նյարդայնացնում է իշխող ուժին, ինչի մասին անուղղակիորեն վկայում են վարչապետի վերջին «լայվերը», որոնց ընթացքում նա փորձում է արդարանալ թիմի այս կամ այն սխալների ու բացթողումների համար։
«Այդ թիմը հասկանում է, որ դուրս է եկել կոմֆորտի գուտուց, որտեղ գտնվել էր «թավշյա հեղափոխությունից» հետո։ Հասարակությունում հիմա այլ տրամադրություններ և մթնոլորտ է տիրում, որոնք միշտ չէ, որ դրական են իշխանության համար», – նշեց Հակոբյանը։
Քաղաքացիների հիմնական ուշադրությունը հիմա սևեռված է նոր գումարման խորհրդարանի վրա։ Անցած շաբաթ «Իմ քայլը» իշխող դաշինքի մի շարք պատգամավորներ` հիմնականում երիտասարդ և անփորձ, աչքի են ընկել սկանդալային արտահայտություններով, որից հետո ստիպված են եղել բացատրություն տալ։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը Հայաստանին բարեկամական Իրանն անվանել էր ավտորիտար պետություն, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական ցանցերում։
Հակոբյանը կարծում է, որ խորհրդարան մտած երիտասարդ ակտիվիստները դեռ պետք է յուրացնեն պատգամավորական աշխատանքի նրբությունները։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն իր հերթին հոռետեսությամբ է վերաբերվում խորհրդարանի որակին։ Նրա խոսքով` պատգամավորների 10-15 տոկոսը փորձառու գործիչներ և մասնագետներ են, մնացածների վաստակը Փաշինյանի հետ քայլարշավներին մասնակցելու մեջ է։ Քոչարյանի կարծիքով` այդ երիտասարդ պատգամավորները ոչ մի ուրիշ «սխրանք» չեն գործել։