«Նաիրի Ինշուրանսը» օրենքով կպաշտպանի իր շահերը. ընկերությունը պատասխանել է ՊԵԿ–ին

«Նաիրի Ինշուրանսը» նշել է, որ բավարար հիմքեր ունի պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու ընկերության գործարար համբավն ու հեղինակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում երբևէ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով:

«Նաիրի Ինշուրանսի» ԱՍՊԸ–ն հայտարարություն է տարածել, որով պատասխանել են ՊԵԿ-ի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ այսօր Պետեկամուտների կոմիտեն հայտնել էր, որ «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափերով հարկեր, և ըստ նախնական հաշվարկի՝ պետությանը պատճառվել է մոտ 200 մլն դրամի վնաս:

«Նաիրի Ինշուրանսը» պետությանը մոտ 200 մլն դրամի վնաս է հասցրել. ՊԵԿ–ի հայտարարությունը

«Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ, և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը:

Միաժամանակ, ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար՝ բացառելու ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Նաիրի Ինշուրանսը» նշել է որ բավարար հիմքեր ունի պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը և կոչ է արել «ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց: