Մարզպետների «գործը». «Բարգավաճ Հայաստանը» լռում է, «Լուսավորը»` արտահայտվում

Մարզպետներն իրենց և աշխատակիցներին պարգևավճարներ են գրել։ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները կարծում են, որ պետք չէ շտապել գնահատականների հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Պետք չէ վաղաժամ գնահատականներ տալ մարզպետների գործողություններին։ Այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով մարզպետների հետ կապված պարգևատրումներին։

Օրենքով արգելված չէ. Լիլիթ Մակունցը պաշտպանում է մարզպետներին

«Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի`մարզպետն իրենց պարգևատրելու իրավունք ունե՞ր, թե՞ ոչ: Քանի դեռ դա իրավասու մարմինների կողմից չի արձանագրվել որպես խախտումներ՝ պետք չէ, որ մենք շտապենք», – ասաց նա։

«Լուսավոր Հայաստանն» ավելի կտրուկ արտահայտվեց։ Կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց` մարզպետները չպետք է նման պարգևավճարներ գրեին։

«Նրանք աշխատել են 6-7 ամիս և նման պարգևավճարներ չէին կարող ստանալ», – հայտարարեց Սամսոնյանը։

Նրա խոսքով` նույն հարցը ծագել է քաղաքապետարանում։ Կուսակցությունը հարցում է ուղարկել քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց նա հրաժարվել է նշել, թե որ աշխատողները և որքան պարգևավճար են ստացել։