Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի ցանկանում տնօրեն դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին ՀԺ-ին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից. «Դատախազությունից ստացել ենք հրապարակում, ըստ որի, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի կողմից տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ»:

«Նրանց զոհ էր պետք, այդ զոհը ես էի». Հանրային ռադիոյի տնօրենը`իր հրաժարականի մասին

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ նախկին տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա, Հանրային ռադիոյից անձնավորված բողոքներ չեն եղել:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին նրա հրաժարականը: Իսկ ավելի վաղ` դեկտեմբերի 18-ին, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռադիոյի ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը, որը, սակայն, այդ պաշտոնում իրեն չի տեսնում: «Ես տնտեսագետ եմ, զբաղեցրել եմ ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը, ես դրա մասնագետն եմ, իսկ ռադիոյի տնօրեն մի փոքր ավելի ստեղծագործական մարդ պետք է լինի»,- ասել է Պողոսյանը:

Նա նաև ասել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար դեռևս մրցույթ չի հայտարարվել։